вторник, 20 декабря 2011 г.

Զավեշտի թատրոնը



Տգիտության շքահանդեսն է ամենուրեք,
Միջակությունը իրեն փիլիսոփա է հռչակում,
Մարդասպանը իր արյունոտ ձեռքերով ողորմություն է բաժանում անճարակ մարդկանց,
Ավազակապետն էլ ահա հրապարակ է ելել՝ արդարություն է քարոզում։

Որքա՞ն պիտի շարունակվի այս դաժան զավեշտը,
Ո՞վ է բեմադրիչը, ո՞վ է այս խելագար թատրոնը ղեկավարում,
Ես այլևս չեմ կարող մասնակիցը լինել ձեր ներկայացմանը,
Ես դերասան չեմ, ես չեմ խաղում։

Բարեգութ դահճի դերը ինձ համար չէ, ոչ էլ մարդասեր ստրկավաճառի,
Թուղթը ապուշություններով սևացնող մեծ բանաստեղծ չեմ կարող խաղալ,
Ու չեմ խաղա նաև դերը սրամիտ ծազրածուի,
Որը իր ծամածռություններով հզորներին պիտի զվարճացնի։

Ես չեմ խաղա երբեք, ես տաղանդ չունեմ, հանգիստ թողեք ինձ,
Ցույց տվեք ելքը, ուզում եմ դուրս գալ ես ձեր թատրոնից,
Մի գուցե դրսում կգտնեմ մարդկանց, ովքեր չեն խաղում, այլ ապրում են ուղղակի,
Առանց բեմականության, հեռու խարդավանքներից, կեղծիքից ու ստից։

Ախ, հա՜, հասկացա, ձեր թատրոնը դռներ չունի,
Մենք մեր մոր արգանդից ուղիղ այստեղ ենք ընկնում,
Ու էլ դուրս չենք գալիս այլևս այս անիծյալ թատրոնից,
Մինչև չխաղանք մեր դերերը, որոնք բեմադրիչներն են մեզ համար ընտրում։

Դե եթե այդպես է, թույլ տվեք ես էլ մի ներկայացում բեմադրեմ,
Որտեղ գլխավոր կերպարը սովորական մարդն է լինելու,
Ով տաղանդավոր դերասաններ, ինձ մոտ եկեք, բարձրացեք բեմ,
Տեսնեմ ունա՞կ եք արդյոք դուք այդ դերը խաղալու։

Ա՜, դուք չգիտե՞ք, թէ ինչ ասել է սովորական մարդ,
Նրա բնությունը ձեզ հասկանալի չէ՞, դուք չե՞ք ճանաչում նրան,
Մոռացե՞լ եք, թէ ինչու եք մարդ կոչվում, կորցրե՞լ եք ձեր դեմքը.
Դուք դեմք չունեք այլևս, ձերը դիմակ է միայն։

Դե որ այդպես է, չի լինի ուրեմն և ոչ մի ներկայացում,
Ցույց տվեք ինձ ելքը, պիտի դուրս գամ ես ձեր թատրոնից,
Ես չեմ խաղում, և ոչ էլ բեմադրում եմ,
Ինչ ընկել եմ այստեղ, ելքն եմ միայն ես փնտրում։

Բայց չեմ գտնում այն, այս թատրոնը դռներ չունի,
Միակ ելքը մահն է թերևս, որը գերադասելի է ավելի,
Քան թե այս քատմնելի  դիմակահանդեսը,  
Զավեշտի այս դաժան թատրոնը սոսկալի։